Երևանից ոչ հեռու՝ Քասախի կիրճի շուրջ տարածվել են Աշտարակ քաղաքն ու Օշական գյուղը։ Վերջինս կարգավիճակով գյուղ է, բայց կենցաղավարությունն առավել մոտ է Հայաստանի փոքր քաղաքների կացութաձևին։
Այս բնակավայրերը մի ամբողջական համակարգ են ներկայացնում՝ վաղագույն շրջանից մինչ օրերս անընդմեջ բնակեցված լինելով։
Այս բնակավայրերում կարելի է հանդիպել գրեթե բոլոր տեսակի հուշարձանների՝ թանգարաններ, կամուրջներ, բաղնիք, եկեղեցիներ, քարայրներ, դամբարանադաշտեր և այլն։
Մարդու ստեղծածը լրացնում է նաև բնության գեղատեսիլ միջավայրը՝ Քասախ գետի կիրճը։
Աշտարակի Հին կամուրը գտնվում է Քասախի կիրճում՝ համանուն գետի վրա։ Այն կառուցվել է 1664 թ-ին, ինչի մասին կամուրջի վրա թողնվել է արձանագրություն։
Կամուրջը եռաթռիչք է, տուֆակերտ։ Այն կարևոր տնտեսական ու քաղաքական դեր է ունեցել ժամանակին տարածաշրջանի համար։
Այս կամուրջը Հայաստանի միջնադարյան ամենախոշոր կամուրջներից է, որը կառուցվել է կամրջաշինության բոլոր կանոններով։
Աշտարակի ջրաղացը գտնվում է Քասախի կիրճում, համանուն գետի ափին, Հին կամուրջի հարևանությամբ։
Ջրաղացն ամբողջությամբ պահպանված է, Աշտարակի գլխավոր տեսարժան վայրերից է և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձաններից մեկը։
Ջրաղացը կառուցվել է 17-րդ դարում։ Այն ծառայել է ոչ միայն Աշտարակին, այլ հարակից շատ բնակավայրերի։ Եղել է ամենամեծերից մեկը տարածաշրջանում։ Սնուցվել է Մայր առվի ջրերով։
Աշտարակի ձորից դեպի Կարմրավոր եկեղեցի բարձրացող ճանապարհի աջ կողմում՝ ապառաժի տակ մի հետաքրքիր շինություն կա։ Դա 20-րդ դարի սկզբում կառուցված հանրային բաղնիքի շենքն է։
Բաղնիքը գմբեթավոր ծածկ ունի, ընդհանուր սրահ և առանձնասենյակներ, ջեռուցվում է կողային բաց օջախի միջով։ Այն տաքացնելու համար փայտ են վառել։
Շինությունը այժմ ենթարկվում է ռեստավրացիայի։
Այս եկեղեցիները միմյանց կապված են երեք քույրերի մասին ավանդազրույցով, որոնք սիրահարվում են նույն երիտասարդին, և նետվում ժայռից ցած։ Նրանք լինում են կարմիր, ծիրանագույն ու սպիտակ թիկնոցներով, որոնց պատճառով էլ եկեղեցիները կոչվում են Կարմրավոր, Ծիրանավոր ու Սպիտակավոր։
Բայց գաղտնիք կա թաքնված այս եկեղեցիների առասպելի, ճարտարապետության ու պատմական դրվագների միջև։
Օշականի կամուրջը կառուցվել է 1706 թ-ին Քասախ գետի վրա։
Կամուրջը կառուցվել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսի հովանավորությամբ։
Օշականի կամուրջն ունի 62.65 մ երկարություն և 5.2 մ լայնություն: Ամենաբարձր թռիչքն ունի 8.5 մ․ բարձրություն։ Թռիչքների չափերը տարբեր են՝ ըստ թեքության։
Կառուցվել է կարմիր սրբատաշ տուֆից։
Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին կառուցվել է հայոց գրերի գյուտի հեղինակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա։
Այն կառուցել է իշխան Վահան Ամատունին 443 թ-ին։
Եկեղեցու ներքին հարդարակնքը հարուստ է որմնանկարներով, որոնք առանձնակի ճոխություն են հաղորդում առանց այն էլ շքեղ կառույցին։ 2014 թ-ին իրականացված պեղումները հետաքրքիր բացահայտումներ են արել, իսկ հյուսիսային պատի տակ բացված շերտը ապակեպատ ցուցատախտակով առանձնացվել է և կարելի է տեսնել եկեղեցու հին հիմքը։
Օշականը կարգավիճակով գյուղ է, իսկ քաղաքաշինությամբ շատ նման է այն քաղաքներին, որպիսիք կարող էին լինել Հայաստանում 100 տարի առաջ։
Օշականը հետաքրքիր բնակավայր է՝ իր աշխարհագրական դիրքով ու ճարտարապետությամբ։
Այն հարուստ է տեսարժան վայրերով՝ քարայր-սրբատեղիներ, եկեղեցիներ, հին կամուրջ, ամրոց, դամբարանադաշտ, հին տներ, պատմական նշանակություն ունեցող այլ շինություններ։ Այնտեղ նկարվել են բազմաթիվ հայկական ֆիլմեր։
English
Русский