Արագածը Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռնագագաթն է՝ 4090 մետր ծովի մակերևույթից վեր։
Քառագագաթ է Արագածը, փռված Արարատ լեռանը հանդիման։
Հրաբխից է ծնունդ առել ու սնվել, ուստի հարուստ է ոչ միայն հանքային նյութերով, այլ նաև կենդանական ու բուսական աշխարհով։
Արագածից սկիզբ են առնում սառնորակ գետեր և լեռնազանգվածի մակերևույթին կան տասնյակ սառը լճակներ։ Ամենամեծը Քարի լիճն է և գտնվում է ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա։ Արագածի լանջերին հանդիպում են նաև ջրվեժներ, որոնցից հայտնի է Գեղարոտի ջրվեժը՝ ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա։
Արագածի լանջերին դեռ հնագույն ժամանակներից ապրել է մարդը, ստեղծագործել, կառուցել ու շենացրել։ Դրա ամենավաղ ժամանակների մասին վկայում են բազմաթիվ ժայռապատկերները։ Իսկ արդեն վաղ քաղաքակրթության կանգուն վկայություններն են բազմաթիվ ամրոցներն ու բերդերը։
Մինչ օրս էլ Արագածի փեշերին փռված են Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր։
English
Русский