shape
shape
blog
  • 17-հնվ-2024

Տղաները բարձրացան սար, ես հոգնել էի, նստեցի ու իրենց էի սպասում: Անտառ մտնելուց առաջին իսկ րոպեներին հասցրել էի ոտքս ոլորել՝ անհաջող ցատկելով գետի վրայի ճոճվող քարի պատճառով։ Եվ ահա՝ ոլորտված և ուռած ոտքով տեղավորվել եմ խոնավ ու փափուկ հողի վրա՝ շրջապատված անտառի բնակիչներով։

Լուսանկարում էի Լոռվա չքնաղ տեսարանները աշնանային խելակորույս գորովանքների մեջ խճճված, կիսամերկ ծառերն ու գունատ կամ պճնամոլ ծաղիկները, հիացմունքս խեղդող բազմատեսակ սնկերը:

Անցավ անորոշ ժամանակ՝ 40-45 րոպե, տղաները դեռ չկային, ձայները չէին լսվում, սկսեցի անհանգստանալ: Որոշեցի զանգել՝ հեռախոսս կապ չուներ: Այդ պահին անհանգստությունս սրեց մի սարսափազդու տագնապ, որ արագ ալիքվեց շուրջս՝ ծառերի ճյուղերը սկսեցին ճոճվել, տերևները՝ խշշալ, թռչուններն աճապարանքով խառնվեցին երկնքում, ու ամեն կողմից տարբեր միջատների ծղրտոց ու տզզոց սկսեց արձագանքել։ Իսկ դրան հետևեց սպառնացող մի որոտ. «Մու՜ ու ու»:

Վախից քարացա. արջը:

Շունչս կանգ առավ, մարմինս վայրկենապես թմրեց, աչքերիս առաջ սևացավ, կորցրեցի իրականության գիտակցությունը: Ինձ թվաց, թե այդ աղմուկի մեջ ականջիս հասնող ջայներից լսում եմ, թե ինչպես են միջատներն ու սողունները փսփսալով պատսպարվելու փնտրում մոտեցող գիշատչից:

Իսկ ես՝ անզոր կպել եմ հողին։ Ոչ շարժվել եմ կարողանում, ոչ՝ բղավել։ Մարմնիս վրա արդեն զգում էի կենդանու շնչառությունն ու ինձ պատկերացնում Մթնաձորի հերոսի տեղում, որին թիկունքից արջը հարվածել էր չանչերով ու մաշկազերծ արել։

Չգիտեմ, թե որքան անցավ այդպես, սակայն երկրորդ անգամ որոտաց սպառնացող ձայնը․ «Մու՜ ու ու»։

Քարացած մարմինս քանդվեց, այս անգամ դողն ու փախչելու ցանկությունը վեր թռան ու ստիպեցին գոռալ․ «Արմե՜ն, Վահրա՜մ»: Լռություն:

Տագնապն ավելի ուժգնացավ՝ գուցե արջն արդեն նրանց կյանքերը գողացել է... Եվ ինչպես կինոներում է լինում՝ աչքիս առջևով սրընթաց կայծակեցին կյանքիս ամենակարևոր դրվագները, որոնք գուցե այդպես՝ կիսատ էլ մնալու էին սպասվելիք աղետի պատճառով...

Հանկարծ Արմենը կանչեց.

-Ի՜նչ։

- Ա՜րջը, - վրա բերեցի անհանգիստ:

- Ու՞ր է:

Ու այդ պահին երրորդ անգամ․ «Մու՜ ու ու»։

- Է՜դ, այդ ա՜րջ չի, կո՜վ է:

Share
Like

Նախորդ հոդվածը

Հաջորդ հոդվածը

Կապ

Հետևեք մեզ