shape
shape
blog
  • 12-հնվ-2024

Սիրո տոներն աշխարհի շուրջ ????

Աշխարհում ամենահայտնի սիրո տոնը Սուրբ Վալենտինի օրն է։ Բայց դա ոչ առաջինն է, ոչ միակն ու, առավել ևս, անկրկնելին։

Այսօր Ձեզ կպատմեմ աշխարհի սիրո տոների մասին։ ????

????1898 թ-ին Արգենտինայում կոնֆետ արտադրող մի կազմակերպություն մարքեթինգային արշավ է սկսում՝ «Համբույր շոկոլադի դիմաց»։

Այդ՝ մեկ շաբաթ տևած ակցիան այնքան է դուր գալիս կրքոտ արգենտինացիներին, որ ամեն հուլիսին մի ամբողջ շաբաթ իրենք նվիրում են քաղցրավենիքի համբույրի դիմաց։ ????

????Բրազիլիան նույնպես ունի սիրո իր տոնը։ Այն կոչվում է «Dia dos Namorados»՝ սիրահարների օր։

Այն ձևավորվել է մի հրապարակախոսի կողմից, ով փորձում էր բարելավել վաճառքի արդյունքը և 1948 թ-ին հորինում է սիրահարների մի տոն, որը կապվում է Սուրբ Անտոնիոյի անվան հետ։ Վերջինս ամուսնությունների հովանավորն է Պորտուգալիայում, Իսպանիայում և Բրազիլիայում։ Այսպիսով, այդ օրը՝ հունիսի 12-ը բրազիլացիների համար դառնում է իրենց սեփական սիրո տոնը։

????Կատալոնիայի սիրո տոնը կապվում է վարդերի և գրքերի հետ։ Ապրիլի 23-Ին կատալոնացիներն իրար վարդ ու գիրք են նվիրում, իբրև սիրո դրսևորում։ Այդ օրը ոչ մի կին առանց վարդի չի մնում, անգամ եթե նա սիրեցյալ չունի։

Տոնը կապվում է Սբ Գևորգի անվան հետ։ Նա փրկում է արքայադստերը հրեշի երախից, ու այն տեղում, որտեղ թափվել է հրեշի արյունը, վարդեր են բուսնում։

????Չինացիներն էլ ետ չեն մնում սիրո տոներից՝ յուրաքանչյուր 7-րդ լուսնային ամսվա 7-րդ օրը (Մեր ժամանակացույցով օգոստոսին)։

Սա մի լեգենդ է սիրո մասին՝ հերոսուհին հեքիաթային փերի է, որին սիրահարվում է մի աղքատ ու հալածված հովիվ, որն իր կովի առաջարկով գնում է աղբյուրի մոտ, որտեղ լողում էր փերին։ Նրանք իրար տեսնում են, սիրահարվում, ամուսնանում են ու շատ երեխաներ ունենում։

Չեմ կարող հնչեցնել տոնի անունը, բայց լատինատառ այսպես է գրվում Qixi Festival, որը չինարենից տարբեր է հնչում։????

????Ուելսում էլ հունվարի 25-ին են տոնում սիրո օրը։ Սա էլ մի տխուր սիրո պատմություն է Dwynwen-ի՝ երևի Դվինդեն, և իր սիրեցյալի մասին, որոնք այդպես էլ միմյանց չհասան։ Նրա սիրեցյալը սառույց դարձավ, ինքն էլ իրեն ընծայեց Աստծուն և դարձավ բոլոր սիրահարների պահապանը։

7-րդ դարին վերագրվող այս լեգենդը կյանք է առել 16-րդ դարում, և մինչ այսօր արդի է ուելսցիների մոտ։

????Սիրո տոներ էլի կան տարբեր ազգերի մոտ, որոնք կապ չունեն Վալենտինի հետ։ Ընտրեցի ամենահետաքրքիրներից մի քանիսը։

????Նկատեցի՞ք, սակայն վերոնշյալները վերացական տոներ են։ Թերևս, մեր Սուրբ Սարգսի տոնը ոչ միայն չի զիջում, այլ շատ առումներով գերազանցում է այս տոներին՝ իր կատարողական ու ծիսական կողմերով։

Մենք ոչ թե պարզապես հիշում ենք ու միմյանց ինչ որ բան նվիրում, մենք այդ տոնի հետ հույսեր ենք կապում, մենք այդ տոնի միջոցով ապագայի ծրագրեր ենք կազմում։

????Սիրո Սարգսի տոնը, թերևս, ամենահին տոներից է իմ կողմից ուսումնասիրված բոլոր տոների մեջ։ Այն դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից է սերում։ Ու պատկերացնու՞մ եք, մենք արդեն գերթե 2.000 տարի է՝ ինչ այս տոնը նշում ենք։

???? Ուրեմն, պատրաստվենք, բան չմնաց։ հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնն է՝ սիրահարների, ընտանիքների, հղիների պահապան Սարգսի տոնը։

Ու թող բոլորը ճաշակեն սիրո համն ու պտուղը։

Կտավը սիրո նկարիչ Armen Vahramyan-ից։ Կոչվում է «Սիրո թռիչք»։

Share
Like

Նախորդ հոդվածը

Հաջորդ հոդվածը

Կապ

Հետևեք մեզ