2700 տարի առաջ Ուրարտուի Ռուսա Բ արքան Խալդի աստծո հրամանով Կուարլինե դաշտի անպտուղ հողի վրա խաղողի այգի տնկեց, Իլդարունի գետից Ումեշինի ջրանցքն անցկացրեց այգիները ոռոգելու համար և այս մասին գրավոր վկայություն թողեց սեպագիր արձանագրության տեսքով։ Սեպագիրը գտնվում է Զվարթնոց տաճարի տարածքում։
Մեզ այսօր այս այգիները հայտնի են «Դալմայի այգիներ» անվամբ, իսկ Իլդարունին անվանում ենք Հրազդան գետ։ Այգիները նախկինում ձգվել են Ծիծեռնակաբերդից մինչև Զվարթնոց տաճար։ Այգիներում աճեցվել է ավելի, քան 1000 տեսակի խաղող։ Այդ խաղողներից որոշ տեսակներ Հայաստանում աճեցվում են նաև մեր օրերում։
Այգիներում աճող խաղողը Ուրարտու պետության հզոր ժամանակներում հումք է հանդիսացել գինեգործության համար։ Թեյշեբաինի քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու 7 մառաններ՝ 420 կարասներով։ Դրանք պահպանել են գինու հետքեր, թերևս պատրաստված Դալմայի այգիների խաղողներից։
Այգիների տարիքի մասին վկայություն մեզ թողնում են ոչ միայն պատմագրական փաստերը, այլ այգիների պահպանված տարածքում հնագույն լանդշաֆտը, որը կարող է ձևավորվել միայն հազարամյակների ընթացքում։ Այդպիսի հնագույն լանդշաֆտներն աշխարհում եզակի են։
Միջնադարում այգիներում խաղողագործությունը շարունակվել է։ Այդ մասին վկայում են գինու հնձանները՝ կառուցված 17-18-րդ դարերում։ Դրանցից շատերը, թեև կիսաքանդ, սակայն դեռևս գոյություն ունեն այգու տարածքում, իբրև միջնադարի «զինվորներ»։
Այգու տարածքում այժմ կա առնվազն 20 կիսավեր գինու հնձան։
English
Русский